Փnփnխություններ դպրոցում․ Աշակերտներին ու ուսուցիչներին uպասվում է նոր nւսումնական մnդել

Սահմանվելու են ոչ թե ուսումնական բնագավառներին հատկացվող ժամաքանակները, այլ դրանց տոկոսային հարաբերակցությունը։ Ստացվում է՝ յուրաքանչյուր դպրոց կարող է ձեւավորել սեփական ուսումնական պլանը՝ առաջնորդվելով առավելագույն ժամաքանակով։

Ըստ ներկայացված աղյուսակի՝ մեծ տեղ է հատկացված ԲՏՃՄ-ին (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ինֆորմատիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն), որը միջին եւ ավագ դպրոցներում կազմում է մինչեւ 38%։ Տարրական դպրոցում այն մինչեւ 28% է։

Հայոց լեզուն կազմում է մինչեւ 20 %։

Փոխնախարարի խոսքով՝ այսպես հայագիտական առարկաների կշիռը կպահպանվի, 4 պարտադիր առարկաներ՝ հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, օտար լեզու, հայոց պատմություն, գործելու են ցանկացած հաստատությունում։ Բացի այդ, կրթությունը հայերենով է, հետեւաբար լեզուն սովորելու են բոլոր դասերին։

Առաջարկվում է նաեւ հրաժարվել հոսքային ուսուցումից։ Դրա փոխարեն աշակերտը, բացի պետական պարտադիր առարկաներից, կկարողանա ընտրել իր նախընտրածները, այսինքն՝ ձեւավորել իր դասացուցակը։

Կներդրվի մոդուլային ուսուցման գաղափարը․ աշակերտները, սպորտի կամ որեւէ արվեստի բնագավառի դասերին հաճախելով՝ կրեդիտներ կհավաքեն եւ դրանք կկարողանան ներկայացնել դպրոց։

Լավ նորություն կա դպրոցականների, հատկապես 3-4-րդ դասարանցիների համար։

Առաջարկվում է կրճատել սովորողների ծանրաբեռնվածությունը։ Եթե համեմատենք նվազագույն շեմը, ապա տարրական դպրոցում առաջարկվում է 2940-ի փոխարեն 2746 ժամը, միջին դպրոցում՝ 5100-ի փոխարեն 4760-ը եւ ավագ դպրոցում՝ 3060-ի փոխարեն 2890-ը։ 3-4 դասարանցիների ուսումնական պլանը 2 շաբաթով կկրճատվի եւ հավելյալ արձակուրդ կտրամադրվի։

Փոփոխություններ կան ուսուցիչների համար, նախատեսվում է ներդնել ատեստավորման նոր կարգ, ինչից հետո մասնագետի աշխատավարձը կարող է բարձրանալ՝ կամավոր ատեստավորման միջոցով։

Բարձրացումն էլ կախված կլինի արդյունքից։

Եթե մանկավարժը 90% եւ ավելի արդյունավետություն ցուցաբերի, կունենա աշխատավարձի 50%-ի չափով ավելացում։ 80% եւ ավելի անցածները կստանան 30 %-ի ավելացում։ 60-79 % անցնելու դեպքում՝ փուլը կհամարվի հաղթահարված, սակայն աշխատավարձի բարձրացում չի լինի։ 0-59 %-ի դեպքում, կարիք կլինի վերաատեստավորվելու, եթե 1 տարի անց եւս չկարողանան բարձր տոկոսներ հավաքել, հետագա գործունեության մասին որոշում կկայացվի։